Տնային աշխատանքը որպես ուսուցանող գնահատման միջոց
Սովորելը խթանելու արժեքավոր միջոց է տնային աշխատանքների դերի բարձրացումն ու դրանց նկատմամբ մոտեցումների ճշգրտումն ու համակարգումը: Մեր հանրապետությունում ձևավորված հասարակական, տնտեսական և ընտանեկան կացության պայմաններում աշակերտի կրթության համար տնային աշխատանքին կարևոր դեր է հատկացվում: Դպրոցներն ու կրթության կազմակերպման այլ ձևերը չեն կարող լիարժեք ապահովել դասապրոցեսից հետո սովորողի ուսումնառության շարունակությունը դպրոցում: Աշակերտն իր անհատական կամ համագործակցային աշխատանքները կատարելու է նաև տանը: Ուսուցիչը դասի ընթացքում կամ դրանից դուրս պետք է կարողանա ստուգել և աշակերտի հետ վերլուծել տնային աշխատանքներում աշակերտի ցուցաբերած առաջընթացն ու թերությունները: Տնային հանձնարարությունները պետք է լինեն այնպիսի ծավալի, որ դրանց կատարման համար աշակերտը ծախսի միջին հաշվով շաբաթական ժամաքանակի կեսից ոչ ավելին: Տնային աշխատանքը նպաստում է սովորողի ինքնուրույն և խմբային աշխատանք կատարելու կարողության զարգացմանը: Տնային աշխատանքների ստուգումը, քննարկումն ու վերլուծությունը պետք է արվեն հնարավորինս հաճախ, քանի որ դա կօգնի աշակերտին լավ յուրացնել տվյալ ուսումնական նյութը և հետագայում ինքնուրույն վերացնել ի հայտ եկած թերությունները:
Տնային աշխատանքը կարող է գնահատվել միավորով, եթե այն ստուգվում է բանավոր հարցմամբ և միավորը գրանցվում է որպես բանավոր հարցման գնահատական: