Հայտորոշիչ թեստ (գործնական աշխատանք)
Ուսուցման գործընթացի հաջողությունը մեծապես պայմանավորված է ընթացիկ վիճակի ճիշտ ախտորոշմամբ` հայտորոշմամբ: (Տես` <<Թեստ. կառուցման և արդյունքների վերլուծության հիմունքներ>> ձեռնարկը):
Հայտորոշման դերը բարձր է ոչ միայն ուսումնական աշխատանքներում, այլ նաև ցանկացած աշխատանք որակով անելու դեպքում: Հայտորոշման կարևորությունը մարդիկ հաճախ տեսնում և զգում են` հատկապես բժշկության ասպարեզում: Բժշկության մեջ բժշկի գլխավոր խնդիրը հիվանդության ճիշտ ախտորոշումն է, որից հետո, միայն, որոշվում է բուժման ճիշտ ճանապարհը: Ներկա պայմաններում առավել դժվար է հիվանդության ճիշտ ախտորոշումը, քան դրանից հետո բուժումը:
Կրթության ոլորտում հայտորոշիչ ուսումնասիրման նպատակն է` պարզել դասավանդված ուսումնական նյութի կամ հմտության յուրացման մեջ աշակերտի կամ ուսուցչի ձեռքբերումները, թերացումները, թերություններն ու սխալները: Կախված այն բանից, թե ինչը ինչ ծավալով և խորությամբ է անհրաժեշտ հայտորոշել, կարելի է օգտագործել տարբեր միջոցներ:
Ուսուցանող գնահատման մի հատուկ տեսակ է հայտորոշիչ թեստը: Դրա նպատակն է` որոշել, թե արդյո՞ք սովորողը պատրաստ է շարունակելու հետագա ուսումնառությունը: Հայտորոշիչ թեստի նպատակը ոչ թե ընդհանուր պատկերացումներ ունենալը, կամ աշակերտներին ըստ գիտելիքների խմբերի բաժանելն է, այլ յուրաքանչյուր սովորողի ուժեղ և թույլ կողմերի պարզելը: Հայտորոշիչ թեստը կարևոր է թե ուսուցչի և թե աշակերտի համար, քանի որ դրա արդյունքների հիման վրա ուսուցիչը պարզում է իր ուսուցանելու որակն ու արդյունավետությունը, իսկ աշակերտն իր ուսումնառության կարողությունները:
Հայտորոշիչ թեստի բնութագրիչ առանձնահատկություններն են`
- կարճ ժամանակի համար է նախատեսվում,
- առաջադրանքները ձևակերպվում են պարզ և կարճ,
- արագ է ստուգվում և արժևորվում,
- բոլոր առաջադրանքներն ուղղված են նույն գիտելիքի, կարողության կամ հմտության ստուգմանը,
- սովորողների մեծ մասի համար թեստը հեշտ է,
- կատարման համար ժամանակի պակաս չի զգացվում,
- արդյունքները հեշտ վերլուծելի են,
- արդյունքները վերլուծելով և մեկնաբանելով` որոշվում է աշակերտների հետ հետագա անելիքները:
Հայտորոշիչ թեստը չի նախատեսվում օգտագործել հաշվետվության նպատակով, այլ այն ունի սովորողի հետ հետադարձ կապի միջոցով ուսումնական նյութի յուրացման աստիճանը բարձրացնելու նպատակ: Այդ պատճառով հայտորոշիչ թեստի գնահատման մոտեցումներն էապես տարբեր պետք է լինեն մրցակցային բնույթի թեստերի արդյունքների գնահատումից: Հայտորոշիչ թեստի արդյունքները սովորաբար միավորով չեն գնահատվում, դրա արդյունքներն ուսուցիչը վերլուծում, մեկնաբանում և քննարկում է՝ ըստ անհրաժեշտության, յուրաքանչյուր սովորողի հետ: