Կիսամյակային ամփոփիչ աշխատանք
Կիսամյակային ամփոփիչ աշխատանքի նպատակն է` պարզել կիսամյակի ընթացքում սովորողի ձեռք բերած գիտելիքի և կրթության բովանդակության «կարողություններ և հմտություններ» բաղադրիչի մակարդակը, ինչպես նաև պարզել կիսամյակի վերջում աշակերտի մնացորդային գիտելիքը:
Կիսամյակային ամփոփիչ աշխատանքը կարող է իրագործվել բանավոր հարցման, գրավոր աշխատանքի կամ գործնական աշխատանքի միջոցով: Հարցման ձևը որոշում են առարկայական մասնագետներն ու տնօրինությունը:
Կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանքին տրվող ժամանակը որոշվում է` կախված ուսումնական առարկայից: Աշխատանքին տրվող ժամանակը պետք է համապատասխանի թեստի առաջադրանքները կատարելու սովորողի հնարավորություններին:
Կիսամյակային ամփոփիչ աշխատանքը պետք է պարունակի չափորոշչով նախատեսված բոլոր բարդության առաջադրանքներ և ընդգրկի ամբողջ կիսամյակի ընթացքում անցած նյութը: Թեստը պետք է ապահովի սովորողի առավելագույն, և չափորոշիչային նվազագույն գիտելիքներ ունեցող սովորողի` անցումային, միավոր ստանալու հնարավորությունը:
Թեստի յուրաքանչյուր առաջադրանքի կատարման համար տրվում է առանձին միավոր, նշվում է գնահատման քայլը: Յուրաքանչյուր առաջադրանք գնահատվում է մյուսներից անկախ:
Այդ գրավոր աշխատանքները գնահատվում են 10 միավորային սանդղակով: Եթե գնահատման համար ընտրվում է այլ սանդղակ, ապա պաշտոնական գրանցման համար այդ սանդղակով ստացված միավորները պետք է բերել 10 միավորային սանդղակի` օգտվելով համապատասխան բանաձևից:
ԿԱՊԿՈՒ սովորողի միավորային գնահատման կիրառման քանակները, կախված տվյալ սովորողի կարիքի առանձնահատկություններից, կարելի է հասցնել 2015-2016թթ. մեթոդական ցուցումներում նշված նվազագույն քանակներին:
Ամփոփիչ թեստում պետք է ընդգրկել պարզ առաջադրանքներ` ԿԱՊԿՈՒ սովորողի անցումային միավորն ապահովելու հնարավորություն տալու համար: Թեստը լրացնելիս, անհրաժեշտության դեպքում, ԿԱՊԿՈՒ սովորողի համար նախատեսել ընդմիջում:
Քանի որ ԿԱՊԿՈՒ սովորողները ներառվում են ուսումնական ողջ գործընթացում` նրանց գնահատումը ևս պետք է իրականացվի առանց խտրականության` օգտագործելով միավորային գնահատման բոլոր տեսակները և գնահատման 10 միավորային սանդղակը: