Կարճ ժամանակի համար նախատեսված թեստ
Ուսումնական թեմայի փոքր մասերի, ենթաթեմաների կամ հիմնական գաղափարների յուրացման մակարդակն ու խորությունը պարզելու համար նպատակահարմար չէ ամբողջական թեման ստուգող թեստի միջոցով ուսումնասիրությունը: Դրա համար արդյունավետ միջոց են կարճ ժամանակի համար նախատեսվող թեստերը, որոնց առաջադրանքները թեթև են, բայց` շատ: Կարճ ժամանակի համար նախատեսվող թեստն ավելի ճկուն է, և դրա արդյունքներն ավելի օբյեկտիվ, հուսալի և արդար են վերլուծությունների համար: Նման թեստերում ընդգրկվող առաջադրանքները հիմնականում լինում են հետևյալ տիպերի`
- ընտրովի պատասխանով,
- կարճ պատասխանով,
- համապատասխանեցման առաջադրանք,
- բաց թողնվածը լրացնելու առաջադրանք:
- Կարճ ժամանակի համար նախատեսվող թեստերի հիմնական առանձնահատկություններն են`
- տևողությունը,
- հաճախությունը,
- ծրագրային ծավալը՝ պայմանավորված ենթաթեմայի նյութով,
- առաջադրանքների քանակը,
- առաջադրանքների բնույթը:
Այդպիսի թեստեր կազմելու համար անհրաժեշտ են որոշակի հմտություներ և փորձ: Ուսուցիչը դրանք ձեռք բերելու համար պետք է մասնակցի համապատասխան դասընթացների, համագործակցի այլ ուսուցիչների ու մասնագետների հետ և իր աշխատաձևն ու թեստը կատարելագործելու համար կատարի փորձարկումներ:
Կարճաժամկետ թեստը հիմնականում նախատեսվում է ուսուցանող գնահատման համար, բայց անհրաժեշտությունից ելնելով` այն կարելի է կիրառել նաև միավորային նպատակով և փոխարինել թեմատիկ գրավոր աշխատանքին (մոտավորապես 30 րոպե) ու գնահատվել միավորով` ուսուցչի հայեցողությամբ: