Գնահատում հասկացությունը: Ամփոփիչ /միավորային գնահատման նպատակը, ձևերը, տեսակները: կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) սովորողի միավորային գնահատման առանձնահատկությունները:
ա) Գնահատումը սովորողի մասին տեղեկություն ստանալու, հավաքելու, վերլուծելու և դրա հիման վրա հանրակրթության բովանդակային և կազմակերպչական աշխատանքների արդյունքներն ի մի բերելու և վերահսկելու գործընթաց է:
Գնահատման հիմնական նպատակը սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների յուրացման ու տիրապետման աստիճանի, նրանց անձնային որակների ստուգումն է, ինչպես նաև ուսման որակի բարելավմումն ու վերահսկումն է:
Հիմք ընդունելով հանրակրթության բովանդակությանը ներկայացվող պահանջները, ուսումնական գործընթացի կազմակերպման ու վերահսկման բարեփոխված մոտեցումները և մեթոդները՝ սովորողների ընթացիկ գնահատման համար սահմանվում են հետևյալ առաջնային նպատակները.
սովորողի ուսումնական գործունեության և առաջադիմության ընթացքի արձանագրումը, թերությունների բացահայտումն ու շտկումը:
հանրակրթության պետական կրթակարգով և միջնակարգ կրթության պետական կրթական չափորոշիչներով ամրագրված հանրակրթության բովանդակային բաղադրիչների յուրացման ընթացքի բացահայտումը, ինչպես նաև դրանց փուլային ստուգումն ու գնահատումը:
Ընթացիկ գնահատման համակարգի հիմքում ընկած են հավաստիության, հիմնավորվածության, հուսալիության, մատչելիության, արդարության և թափանցիկության սկզբունքները:
Գնահատումը կարող է լինել օբյեկտիվ կամ սուբյեկտիվ: Օբյեկտիվ գնահատումը կախված չէ գնահատողի անձնական մտածողությունից կամ վերաբերմունքից, օրինակ` պատասխանի ընտրությամբ առաջադրանքը: Գնահատումը սուբյեկտիվ է, երբ այն կախված է գնահատողի անձնական դատողություններից, սկզբունքներից ու վերաբերմունքից: Սուբյեկտիվ են համարվում բանավոր հարցումները, պատասխանի շարադրանքով առաջադրանքները, կամ որոշ գործնական աշխատանքներ:
ՀՀ հանրակրթությունում այժմ գործում է գնահատման երկու հիմնական ձև` միավորային և ուսուցանող (տես` ԿԱԻ-ի կայքում տեղադրված սովորողի ուսումնական առաջադիմության գնահատման երաշխավորություններն ու գնահատման մեթոդական ցուցումները):
Ամփոփիչ/միավորային գնահատումն ուսումնառության ընթացքում սովորողի ձեռքբերումների մակարդակը թվանշանով արտահայտելն է՝ համաձայն առարկայական չափորոշչի: Ա. Էյնշտեյնն ասել է «Դասարանում յուրաքանչյուրը հանճարեղ է, բայց եթե դուք ձկանը պետք է գնահատեք ծառի վրայով սողալու կարողության համար, ապա նա ամբողջ կյանքում կտառապի այն մտքից, որ ինքն անկարող է»: Այսպիսով, միավորային գնահատումը պետք է լինի հնարավորինս օբյեկտիվ և հնարավորություն տա ստուգելու ցանկացած սովորողի իրական կարողությունները: Միավորային գնահատման ներկայումս կիրառվող տեսակներն են.
Բանավոր հարցում
Գործնական աշխատանք
Թեմատիկ աշխատանք
Կիսամյակային ամփոփիչ աշխատանք:
Տնային և կարճ ժամանակի համար նախատեսվող աշխատանքների միավորային գնահատումը պարտադիր չէ:
Ստուգման տեսակների բազմազանությունը նպատակ ունի տարբեր տեսանկյուններից չափել սովորողի գիտելիքները, կարողություններն ու հմտությունները, որպեսզի արդյունքում ունենանք առավել հավաստի գնահատական:
Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման 10 միավորային սանդղակի միավորների բնութագրիչները ներկայացված են ստորև: Ամբողջական նյութը կարելի է գտնել «Կարգ հանրակրթական ուսումնական հաստատության սովորողի ուսումնական առաջադիմության գնահատման երաշխավորությունների», ՀՀ ԿԳ նախարարի 2014 թ. հունվարի 21-ի N37-Ա/Ք հրամանի հավելվածում
Սովորողի ուսումնառության արդյունքների միավորային գնահատման ենթակա բանավոր, գրավոր և գործնական աշխատանքների ստուգումից ստացված արդյունքների միավորների բնութագրիչները սահմանված են Հանրակրթության պետական չափորոշիչի պահանջներին համապատասխան:
Ծանոթություն: Սակայն այսօր գնահատման կարգը փոխվել է (տե՛ս նոր «Հանրակրթության պետական չափորոշիչ (Գնահատման սբկզբունքները)»՝ հաստաված 2021 թ փետրվարի 4):
բ) Միավորային գնահատում իրականացվում է նաև ԿԱՊԿՈՒ սովորողների համար:
2014թ.-ի դեկտեմբերի 2-ին «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի մեջ համընդհանուր ներառումն ամրագրվել է որպես պետական քաղաքականություն: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող(այսուհետ` ԿԱՊԿՈՒ) երեխաների կրթության իրավունքի իրացման գործընթացը հիմնվում է կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովման սկզբունքների վրա:
Ներառական կրթությունը համարվում է յուրաքանչյուր սովորողի կարողությունների լիարժեք բացահայտման միջոցով որակյալ կրթական ծառայությունների մատուցման գործընթացների ամբողջություն:
Ներառական կրթությունը ենթադրում է բոլոր` այդ թվում ԿԱՊԿՈՒ սովորողների ներառումը տվյալ դասի ուսումնական նյութի յուրացման գործընթացում:
Ներառական կրթությունը շարունակական գործընթաց է, որն ուսուցչից պահանջում է ճիշտ կազմակերպել ուսումնական գործընթացը` կարևորելով սովորողի գնահատումն ընդհանրապես և մասնավորապես ԿԱՊԿՈւ սովորողի գնահատումը:
Քանի որ ԿԱՊԿՈՒ սովորողները ներառվում են ուսումնական գործընթացում` նրանց գնահատումը ևս պետք է իրականացվի առանց խտրականության` օգտագործելով միավորային գնահատման համապատասխան տեսակները (կախված ներառման կարիքից) և գնահատման 10 միավորային սանդղակը: Հաշվի առնելով ԿԱՊԿՈՒ սովորողների առանձնահատկությունները, ուսումնական ձեռքբերումների ստուգման և գնահատման միջոցները հարմարեցվում են նրանց ընկալման և մտավոր գործունեության կարողություններին: Առաջադրանքները կարելի է կազմել ԿԱՊԿՈՒ յուրաքանչյուր սովորողի համար՝ չափորոշչի նվազագույն պահանջները` անհրաժեշտության դեպքում դրանք տրոհելով և հարմարեցնելով այդ սովորողների ընկալման հնարավորություններին: Ամփոփիչ աշխատանքները պետք է հարմարեցվեն ԿԱՊԿՈՒ սովորողի կարիքներին` ըստ անհրաժեշտության ապահովելով լրացուցիչ ժամանակ, հանգստանալու ընդմիջումներ: Սովորողը կարող է իր պատասխանը գրի առնել համակարգչի կամ այլ տեխնիկական միջոցով: Գնահատման և գրանցման համար կիրառելի են ստուգաթերթեր (արձանագրում են այս կամ այն հատկանշի առկայությունը կամ բացակայությունը), թեստեր, որոնք պարունակում են չափորոշչային նվազագույն պահանջների տրոհված մասերին համապատասխանող առաջադրանքներ:
Գնահատման գործընթացը պետք է պայմաններ ընձեռի սովորողներին իրենց գիտելիքների և ներուժի արտահայտման համար: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ գնահատումն իրականացվի սովորողի համար անմիջական, հանգիստ և բնական պայմաններում: Այն պետք է հնարավորություն ընձեռի սովորողի նկատմամբ արդար վերաբերմունքի դրսևորման համար, հիմնված պետք է լինի հավասարության սկզբունքի և օբյեկտիվ գնահատման հիմքի վրա:
ԿԱՊԿՈՒ սովորողի միավորային գնահատման կիրառման քանակները, կախված տվյալ սովորողի կարիքի առանձնահատկություններից, կարելի է հասցնել թույլատրելի նվազագույն քանակներին: