Բանավոր հարցում
Բանավոր հարցումը գնահատման մի տեսակ է, որի ժամանակ սովորողը բանավոր խոսքով ներկայացնում է յուրացրած ուսումնական նյութը` դրսևորելով ձեռք բերած գիտելիքները, կարողություններն ու հմտությունները:
Բանավոր հարցման հիմնական առավելությունն այն է, որ դրանով ստուգվում են սովորողի ոչ միայն մտապահման ու վերարտադրման ընդունակությունները, այլ նաև նյութի գիտակցված ընկալման մակարդակը:
Բանավոր հարցման միջոցով պարզվում են սովորողի ձեռքբերումները հետևյալ ուղղություններով.
բանավոր խոսք,
վերարտադրություն,
հաղորդակցություն,
համագործակցություն,
լեզվամտածողություն,
գիտելիքի յուրացում,
տրամաբանություն,
ստեղծագործական մտածողություն,
ուսումնական գործունեություն ցուցաբերելու (մոդելավորելու) կարողություններ:
Բանավոր հարցումը կարելի է իրականացնել հետևյալ ձևերով.
առանձին սովորողների` տեղում կամ գրատախտակի մոտ հարցման միջոցով,
սովորողներին ուղղված բանավոր հարցերի միջոցով,
տնային աշխատանքների ստուգմամբ,
համագործակցային (խմբային) կամ փոխներգործուն տեխնոլոգիաների կիրառմամբ: