Գործնական աշխատանք և կիրառություն
Աշակերտի ձեռք բերած գիտելիքները հիմնավոր և օգտակար են այնքանով, որքանով նա կարող է դրանք կիրառել: Այդ գիտելիքների կիրառությունների կարողությունը զարգացնելու նպատակով նախատեսվում են գործնական աշխատանքներ: Ելնելով ուսումնական առարկայի առանձնահատկություններից` գործնական աշխատանքները կարող են լինել տարբեր` տեղանքում կողմնորոշվելու, գործիքներով աշխատելու կարողություն, լաբորատոր պայմաններում փորձ, տեսական կիրառություններ կամ մոդելավորում, մակետների կազմում և նոր տեխնոլոգիաների յուրացում և այլն: Կիրառություններից առանձնահատուկ արժեք ունի միջառարկայական կապերի խթանումը: Այս աշխատանքները կարող են արվել և’ դասաժամի ընթացքում, և’ դասից դուրս:
Ուսուցանող գնահատման ուղղությամբ արվող աշխատանքների արդյունավետությունը կարելի է պարզել միավորային ու կիսամյակային ամփոփիչ աշխատանքների արդյունքների հիման վրա, դրանց դինամիկայի և համեմատական վերլուծությունների միջոցով:
Ուսուցանող գնահատման համար կարելի է օգտագործել խրախուսական միջոցներ, բայց առավել կարևոր են մեկնաբանությունները: