Գործնական աշխատանքը որպես ամփոփիչ/միավորային գնահատման տեսակ
Հանրակրթության դերը պայմանավորված է նաև նրա գործնական–կիրառական նշանակությամբ: Ժամանակակից պայմաններում ուսուցման կարևոր նպատակներից մեկն է` աշակերտին սովորեցնել ձեռք բերած գիտելիքներն ու կարողությունները կիրառել կյանքում հանդիպող տարբեր գործնական խնդիրներ լուծելիս:
Գործնական անվանենք սովորողների կողմից կատարվող այն աշխատանքները, որոնք վերաբերում են նրանց ձեռք բերած գիտելիքների, կարողությունների և հմտությունների գործնական կիրառություններին (ենթադրվում է նաև չափիչ սարքերի կամ համակարգչի կիրառություն): Գործնական կարող ենք համարել այն աշխատանքները, որոնց կատարման համար թուղթ ու գրիչից բացի օգտագործվում են նաև այլ միջոցներ: Գործնական աշխատանքներ են ուսումնական փորձերն ու լաբորատոր աշխատանքները, ինչպես նաև ուսումնական գործընթացում նախատեսվող ֆիզիկական պատրաստվածությունն ու այլ ֆիզիկական աշխատանքներ:
Սովորողներին ներկայացվող չափորոշչային և ծրագրային պահանջների համաձայն, նախատեսվում են տարբեր բնույթի ու տիպի գործնական աշխատանքներ.
հարցումների, դիտարկումների միջոցով տվյալների հավաքում և օգտագործում աղյուսակների և գծապատկերների տեսքով, մոդելների, ձևանմուշների և մանրակերտերի (մակետների) պատրաստում,
դասավանդման համար անհրաժեշտ ուսումնական նյութերի ստեղծում (պաստառներ, ցուցափեղկեր (ստենդներ), տեսաֆիլմեր, էլեկտրոնային ներկայացումներ և այլն), լաբորատոր աշխատանքների կատարում:
Գործնական աշխատանքներ կարող են հանձնարարվել ինչպես տանը, այնպես էլ դպրոցում կատարելու համար:
Գործնական աշխատանքները հիմնականում անցկացվում են երկու ձևով: Առաջին` սովորողը դասընկերների ներկայությամբ կատարում է որոշակի գործնական առաջադրանք, որն ուղեկցվում է բացատրություններով: Մյուս սովորողները անհրաժեշտության դեպքում կատարում են համապատասխան շտկումներ կամ մեկնաբանություններ: Երկրորդ` սովորողների կարողությունների ու հմտությունների ստուգումը կատարվում է միաժամանակ` յուրաքանչյուր սովորողին տալով անհատական կամ տարբերակված առաջադրանք: Այս դեպքում նախընտրելի է, որ աշխատանքները կատարվեն դրանց համար նախատեսված առանձին տետրում, որն ուսուցիչն ստուգում և գնահատում է դասի ընթացքում կամ դասերից հետո:
Տեղանքում իրականացվող գործնական աշխատանքներն անցկացվում են խմբային մեթոդների կանոններով: