Բանավոր հարցումը որպես ուսուցանող գնահատման միջոց
Ուսուցանող նպատակով բանավոր հարցումն օգնում է ուսուցչին բացահայտելու, թե աշակերտն ինչ գիտի և ինչ կարող է անել: Բանավոր հարցման դեպքում պետք է ուշադրություն դարձնել հետևյալ հանգամանքներին.
վերլուծել աշակերտի պատասխաններն ու հարցերը, որպեսզի բացահայտվի, թե ինչ գիտի աշակերտը, ինչպես է հասկանում և ինչ կարող է անել,
հարցերն օգտագործվեն` աշակերտների հատկանշական թերըմբռնումները պարզելու և հետագա ուսուցումը բարելավելու համար,
աշակերտի հարցերն օգտագործվեն նրա ըմբռնողունակությունը գնահատելու նպատակով:
Այդ նպատակներն իրագործելու համար շատ կարևոր է գտնել և օգտագործել առավել արդյունավետ հարցեր և նպատակին հասնելու ձևեր:
Կարելի է կազմել արդյունավետ հարցադրումների տեսակների աղյուսակ և օգտագործել: Օրինակ`
ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ …,
ի՞նչն է նույնը և ի՞նչն է տարբեր …,
մի՞շտ է ճիշտ/սխալ, որ …,
ինչպե՞ս կբացատրեք …,
ի՞նչն է սխալ …,
ինչո՞ւ է ճիշտ …, և այլն:
Բանավոր հարցման միջոցով կարելի է պարզել ուսուցանված թեմայի կամ քննարկման ենթակա նյութի տիրապետման աստիճանը: Դա կարելի է անել առանձին աշակերտների հարցմամբ կամ դասարանին ուղղված հարցով: Այդ միջոցներով պարզվում են սովորողների լեզվամտածողությունը, հաղորդակցվելու կարողությունը, տրամաբանությունը և արագ կողմնորոշվելու հատկությունը: Վիճակը ճշտելուց հետո ուսուցիչը պլանավորում է նկատված թերությունները վերացնելու հետագա աշխատանքները: Բանավոր հարցումներն օգտակար են հատկապես ուսումնական նոր նյութն աշակերտներին բացատրելուց հետո:
Աշակերտի ձեռքբերումների ճիշտ արժևորման համար կողմնորոշիչ հարցեր տալուց զատ, շատ կարևոր է աշակերտի պատասխաններն ուշադիր լսելը և դրանց մեկնաբանելն ու վերլուծելը: Երբեմն աշակերտի տված հարցերից կարելի է հետևություններ անել, թե որքանով է նա կարողացել հասկանալ ուսումնական նյութը, ինչն է բնորոշ նրա թերըմբռումներում: