Հեռավար դասընթացների նպատակները և խնդիրները
Մաթեմատիկան, ինչպես ամեն մի առարկա, պահանջում է ամենօրյա լուրջ և հետևողական աշխատանք: Դա վերաբերվում է և՛ ուսուցչին, և՛ աշակերտին, և՛ ապագա դիմորդին: Սահմանափակվելով միայն դասագրքերում ընդգրկված տեսական նյութերի յուրացմամբ (ինչն առավելապես հատուկ է ուսուցիչներին), հնարավոր չէ լուծել դրանց վերաբերյալ խնդիրները, որոնք, թեև դասագրքերում են առաջադրված, սակայն ավելի խորը գիտելիքներ և կարողություններ են պահանջում (օրինակ՝ առաջադրվում են օլիմպիադաներում, բուհական ընդունելության քննություններին, լրացուցիչ խնդրագրքերում և այլն):
«Մաթեմատիկա» առարկայի առանձնահատկությունն այն է, որ միայնակ, այլ մասնագետների հետ չշփվելով, փորձառու և գիտակ մասնագետներից հեռու մնալով, ուսուցիչը չի կարող կատարելագործվել:
Գաղտնիք չէ, որ շատ ուսուցիչներ (հատկապես սկսնակները) կարիք ունեն միմյանց հետ շփվելու, ավելի փորձառու մասնագետների հետ խորհրդակցելու՝ իրենց մասնագիտական որակները բարձրացնելու նպատակով: Սահմանափակվելով միայն դասագրքերում զետեղված նյութերով, ուսուցիչը չի կարող նույնիսկ այդ նյութերը հավուր պատշաճի հրամցնել սովորողներին, նրանց մոտ սեր, հետաքրքրություն, կարողություններ և տրամաբանություն ձևավորելու որակներ առաջացնել:
Մաթեմատիկայի դպրոցական դասագրքերում զետեղված խնդիրները, որպես կանոն, նպատակաուղղված են տվյալ թեմայի տեսական նյութի յուրացմանը և դրա պարզ կիրառություններին:
Սահմանափակվելով միայն դասագրքում ընդգրկված խնդիրներով, սովորողների մոտ կարող են ձևավորվել միայն սերտողական բնույթի գիտելիքներ: Միօրինակ կամ միայն ալգորիթմական խնդիրները չեն կարող ապահովել սովորողների մտավոր զարգացմանը ներկայացվող պահանջները (հատկապես մտավոր բարձր կարողություններով դպրոցականների համար):
Նախատեսված պարապմունքներում քննարկվող նյութերը, պայմանականորեն, բաժանվում են երկու մասի:
Առաջին մասը ներառում է միջին (հիմնական) դպրոցի հանրահաշվի դասընթացի նյութերը՝ խորացված և ընդլայնված ձևաչափերով:
Երկրորդ մասը ներառում է ավագ դպրոցում ուսումնասիրվող «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» առարկային վերաբերվող նյութը՝ խորացված և ընդլայնված կարգով:
Քննարկվող յուրաքանչյուր թեմա, տեսական համառոտ տեղեկատվությամբ և դիտարկվող առաջադրանքների հավաքածուով, նախապես ներկայացվում է մասնակիցներին (խմբերի անդամներին): Այդպիսի մոտեցմամբ մասնակիցներին հնարավորություն է տրվում նախապես տեղեկանալու, թե ինչ խնդիրների հետ են առնչվելու, որը կարևորում ենք պարապմունքների արդյունավետության առումով:
Ձևավորվող խմբերում կարող են ընդգրկվել.
- Մաթեմատիկայի ուսուցիչներ:
- Դպրոցականներ, ովքեր առանձնակի հետաքրքրասիրություն ունեն մաթեմատիկայի նկատմամբ: Մասնավորապես, այն սովորողները, ովքեր ցանկանում են նախապատրաստվել՝ մաթեմատիկական օլիմպիադաներին մասնակցելու համար:
- Ապագա դիմորդներ, ովքեր նախընտրում են այնպիսի մասնագիտություններ, որոնք առնչվում են մաթեմատիկային և պատրաստվելու են ընդունելության քննություն հանձնել այդ առարկայից:
Course Features
- Lectures 60
- Quiz 0
- Duration Lifetime access
- Skill level All levels
- Students 100
- Certificate No
- Assessments Self