Ուստարվա սկիզբը տարբեր երկրներում
Շատ դարեր առաջ՝ 988 թվականին, Բյուզանդիայի Բարսեղ Երկրորդ կայսեր հրամանով սեպտեմբերի 1-ը պաշտոնապես հռչակվեց նոր տարվա սկիզբ։ Եվ քանի որ այդ ժամանակ բոլոր դպրոցները գործում էին եկեղեցիներին կից, նոր ուսումնական տարին ևս սկսեց մեկնարկել սեպտեմբերի 1-ին։
1699 թվականին Պետրոս Մեծի հրամանով Ռուսաստանում նոր տարվա սկիզբը սեպտեմբերի 1-ից տեղափոխվեց հունվարի 1։ Եվ այնպես ստացվեց, որ 1699 թվականը ունեցավ ընդամենը 4 ամիս՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր, իսկ հունվարի 1-ին սկսվեց 1700 թվականը։ Սակայն երեխաների համար չորս ամսում ամբողջ տարվա ծրագիրը յուրացնելը անհնար էր, ուստի նոր ուսումնական տարին սեպտեմբերի 1-ին սկսելու ավանդույթը մնաց անփոփոխ։
Մինչև 1930-ական թվականները ԽՍՀՄ-ում դասերը տարբեր ուսումնական հաստատություններում սկսվում էին տարբեր օրերի։ Գյուղերում դպրոցները բացվում էին խոր աշնանը, երբ ավարտվում էին գյուղատնտեսական աշխատանքները, մինչդեռ քաղաքներում գիմնազիաները սկսում էին գործել դեռևս օգոստոսի կեսերին:
Միայն 1935 թվականին սեպտեմբերի 1-ը պաշտոնապես հայտարարվեց որպես ուսումնական տարվա սկիզբ։ Իսկ տասնամյակներ անց՝ 1984 թվականին, սեպտեմբերի 1-ը հռչակվեց որպես պետական տոն՝ Գիտելիքի և դպրության օր։ Այսօր Գիտելիքի օրը համարվում է միջազգային տոն։ Սակայն ոչ բոլոր երկրներում է նոր ուսումնական տարին սկսվում սեպտեմբերի 1-ին։
ԱՄՆ-ում և եվրոպական բազմաթիվ երկրներում՝ Իսպանիայում, Իսլանդիայում և այլուր, ուսումնական տարվա մեկնարկի հստակ օր չկա։ Այս երկրներում այն սկսվում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, իսկ հստակ օրը որոշում է տվյալ վարչատարածքային միավորի ղեկավարությունը։
Գերմանիայում աշակերտները դպրոց են գնում հոկտեմբերի կեսերից, երբ վերջնականապես ավարտվում է ամառային տապը։ Ավստրալիայում դասերը սկսվում են փետրվարին։ Իսկ Ճապոնիայում և Հնդկաստանում նոր ուսումնական տարին մեկնարկում է ապրիլի 1-ին՝ ավարտվելով հաջորդ տարվա մարտին։